Պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան ներկայիս հակամարտությունից․ Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին վստահ է, որ պաղեստինցիները հաղթանակած դուրս կգան «Ալ-Աքսայի» վրա հարձակման գործողության արդյունքում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ռայիսին ընդգծել է՝ Իրանը կոչ է անում աշխարհին ուշադրություն դարձնել այն փաստին, որ ճնշված պաղեստինյան ազգի նկատմամբ ճնշումն ու անարդարությունը, կանանց և բանտարկյալների նկատմամբ շարունակվող բռնությունները և Սուրբ Ղուդսի (Երուսաղեմի - խմբ.) պղծումը չեն կարող հավերժ շարունակվել։
«Իրանն աջակցում է պաղեստինյան ազգի օրինական պաշտպանությանը։ Սիոնիստական ռեժիմը (Իսրայելը - խմբ.) և նրա աջակիցները պատասխանատու են տարածաշրջանի երկրների անվտանգությանը սպառնալու համար, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն դրա համար։ Մուսուլմանական կառավարությունները պետք է միանան Իսլամական ումային և ազնվորեն աջակցեն Պաղեստինի ժողովրդին»,- ասել է նա։
Իրանի նախագահը նշել է, որ սիոնիստները պետք է իմանան, որ փոխվել է ուժերի հարաբերակցությունը, և պատերազմ հրահրելը վերջիններիս օգուտ չի բերի: Նրա խոսքով՝ այս մարտի դաշտում հաղթողը Պաղեստինի ժողովուրդն է։
Էբրահիմ Ռայիսին իր խոսքում ողջունել է դիմադրության ուժերին ողջ տարածաշրջանում՝ Պաղեստինից, Լիբանանից և Սիրիայից մինչև Իրաք, Աֆղանստան և Եմեն։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում աջակցում է Պաղեստինին, որը վերջին օրերին կատաղի պայքար է մղում Իսրայելի դեմ։ Իրանն առհասարակ չի ճանաչում Իսրայել պետության գոյությունը, իսկ այնտեղ գործող իշխանությանն անվանում է ապօրինի ռեժիմ։
Добавить комментарий