Опубликовано detq-editor -
Իրանական լրատվականի անդրադարձն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը

Իրանական լրատվականի անդրադարձն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը

Իրանական լրատվականի անդրադարձն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը

Չնայած Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հունվարի 27-ին հարձակում իրականացրած անձը խոստովանել է, որ այդ քայլը կատարել է անձնական դրդապատճառներով, այնուամենայնիվ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչել են  հապճեպ մեկնաբանություններ։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» գործակալությունը, Ադրբեջանի որոշ պաշտոնյաների կողմից կիրառվող տերմինները, որոնք, ինչպես սպասվում էր, պետք է փորձեին հանդարտեցնել մթնոլորտը, իրականում առաջացրել են լարվածության աճ և նոր մարտահրավերներ։

 

Լրատվականը հայտնում է, որ կեղծ արտահայտությունների օգտագործումը, ինչպիսիք են ահաբեկչական կամ ծրագրված միջադեպը, բացարձակապես անընդունելի է: Նշվում է, որ Թեհրանը մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ հարաբերություններին, ինչի արդյունքում երկիրն ամենաբարձր մակարդակով անմիջապես արձագանքել է միջադեպին և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեպքի հետևանքները մեղմելու համար:

 

«Մյուս կողմից՝ հարձակվողը խոստովանել է, որ մի քանի անգամ այցելել է Ադրբեջանի դեսպանատուն՝ կնոջ վիճակի մասին տեղեկություն ստանալու համար, սակայն ոչ մի պատասխան չի ստացել։ Ադրբեջանի դեսպանատունը նույնպես չի պատասխանել Իրանի արտաքին գործերի նախարարության գրավոր հարցմանը՝ խնդրելով պարզել հարձակվողի կնոջ վիճակը»,- ասվում է հոդվածում:

 

Բացի դրանից՝ իրանական լրատվական գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի Շահ Չերաղ տաճարում տեղի ահաբեկչության ժամանակ մի քանի ահաբեկիչ ու նրանց կողմնակիցներն ադրբեջանական անձնագրեր ունեին, սակայն Իրանը երբեք չի փորձել այդ հարցը դիտարկել որպես ահաբեկիչների և Ադրբեջանի կառավարության միջեւ համակարգման առկայություն։

  

Անդրադառնալով Իրանից ադրբեջանցի դիվանագետների տարհանմանը և Ադրբեջանի դեսպանատան գործունեության կասեցմանը՝ լրատվամիջոցը նկատում է, որ դա չի նշանակում, որ հարաբերությունները խզվել են, սակայն ամեն դեպքում դա չարդարացված գործողություն է, որն ավելի շատ նման է Իրանի դեմ քարոզչական մթնոլորտ ստեղծելու փորձին։

 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունել է Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ ջերմ հարաբերությունները, ու չնայած երկրի քաղաքական, անվտանգության և լրատվամիջոցների հետ կապված որոշ տարաձայնություններին՝ խելամիտ մոտեցում է ցուցաբերում լարվածությունը կառավարելու հարցում, որպեսզի թույլ չտա վնաս հասցնել երկկողմ կապերին»,- ասվում է հրապարակման մեջ:

 

Լրատվամիջոցը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն դեսպանատան վրա հարձակման միջադեպի պատճառներին, ձգտեն հանգստացնել իրավիճակն ու համագործակցեն ստեղծված տհաճ իրավիճակը հաղթահարելու համար, այլ ոչ թե գործեն այնպես, որ էլ ավելի սրեն առկա լարվածությունը։ 

Добавить комментарий