Թեհրանը Պաղեստինում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Արևմուտքին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում արևմտյան երկրներին մեղադրել է Պաղեստինում ստեղծված ներկայիս իրավիճակի համար։ Նրա խոսքով՝ եթե Եվրոպան և Արևմուտքը կանգնեցնեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանցագործությունները՝ չկիրառելով երկակի չափորոշիչներ, գուցե Պաղեստինն այսօր այդ վիճակում չհայտնվեր։
Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն քննադատում է Նեթանյահուին, և նշել, որ անհրաժեշտ է մտածել խաղաղությանն աջակցելու մասին։
Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարարը թվիթերյան գրառում է կատարել, որում հայտնել է, որ դիմադրության գործողությունն օրինական և բնական պատասխանն է «ծայրահեղական սիոնիստական վարչակարգին»։ Նա ընդգծել է գլոբալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը՝ պաղեստինցիների զանգվածային սպանությունները դադարեցնելու համար, հատկապես Գազայի հատվածում։
#Դետքի_հետագծով
Իրանը վերջին օրերին սրացած իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում աջակցում է Պաղեստինին։ Իրանը ձգտում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների վրա, որոնց ընթացքում թիրախավորվում է Գազայի հատվածում ապրող քաղաքացիական բնակչությունը։
Добавить комментарий