Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանի գերագույն առաջնորդը պնդում է՝ Իսրայելն անուղղելի պարտություն է կրել

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելն անուղղելի պարտություն է կրել ինչպես ռազմական, այնպես էլ հետախուզական առումով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Խամենեին շեշտել է, որ Իսրայելի պետական կառույցներն անհնար է հեշտությամբ վերականգնել։

«Ես ասում եմ, որ այդ կործանարար երկրաշարժը կարողացավ քանդել օկուպացիոն վարչակարգի որոշ հիմնական կառույցները, որոնք անհնար է հեշտությամբ վերականգնել։ Մենք համբուրում ենք գործողության հմուտ ու խելացի կազմակերպիչների և պաղեստինցի երիտասարդների ճակատներն ու ձեռքերը, բայց նրանք, ովքեր ասում են, թե վերջին իրադարձությունները պաղեստինցիների կատարածը չեն, սխալվում են»,- ասել է նա։

Իրանի հոգևոր առաջնորդի համոզմամբ՝ սիոնիստներն իրենց գործողություններով աղետի մատնեցին իրենց։

«Երբ դաժանությունը և հանցավորությունը չափն անցնում են, երբ գազանությունը հասնում է գագաթնակետին, պետք է փոթորկի սպասել»,- եզրափակել է նա։ 

#Դետքի_հետագծով

Վերջին օրերին սրացած իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով Իսրայելը զգալի կորուստներ է կրել, որը վերականգնելու համար բավականին երկար ժամանակ կպահանջվի։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ սա վերջին 50 տարում Իսրայելի կրած ամենաուժգին հարվածն էր, իսկ իրանական կողմը փորձում է հնարավորինս կապիտալիզացնել այս հարձակման հետևանքները։

 

 

Добавить комментарий