Իրանի նախագահը միջազգային կազմակերպություններին հորդորել է միջամտել Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորմանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին միջազգային կազմակերպություններին հորդորել է միջամտել Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամի կարգավորմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ռայիսին երկրի կառավարության նիստում ունեցած ելույթում միջազգային կազմակերպություններին հիշեցրել է Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման պատասխանատվության մասին։ Ռայիսին խստորեն դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածի բնակչության նկատմամբ իրականացված հանցագործությունները։
«Սիոնիստները մարդկության դեմ հանցագործություններ են կատարում ողջ աշխարհի աչքի առաջ։ Բոլոր միջազգային կազմակերպություններն ու կառույցները պետք է կատարեն իրենց պարտականություններն այս հարցում՝ առանց որևէ բացառության և խտրականության»,- հայտարարել է նա։
Իրանի նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է ամեն գնով կանխել խաղաղ բնակչության շրջանում առկա կորուստները։
#Դետքի_հետագծով
Վերջին օրերին կրկին սրվել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որի հետևանքով երկու կողմն էլ ունի հազարավոր զոհեր և վիրավորներ։ Իրանի իշխանությունները կարևորում են հակամարտության այնպիսի հանգուցալուծումը, որը կապահովի նաև Պաղեստինի ժողովրդի իրավունքները։
Добавить комментарий