Պուտինը պնդում է՝ Իրանն անհիմն մեղադրվում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրելու մեջ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանն անհիմն մեղադրվում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրելու մեջ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Պուտինն ընդգծել է, որ եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրվի, դա կազդի էներգետիկ շուկաների վրա։ Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե առաջիկայում հնարավոր կլինի ինչ-որ կերպ հանդարտեցնել իրավիճակը։
«Սակայն մենք պետք է ձգտենք դրան, քանի որ հակամարտության գոտու ընդլայնումը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների, ի դեպ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում»,- ասել է նա։
Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման գործողությունները սրում են իրավիճակը․ «Հիմա ես լսում եմ, որ Իրանին մեղադրում են բոլոր լուրջ բաների մեջ, ինչպես միշտ, առանց ապացույցների։ Մենք կտեսնենք, հուսով եմ, որ ողջախոհությունը կհաղթի»։
Ռուսաստանի առաջնորդը հավելել է, որ հակամարտության սրումը կարող է ազդել նյութատեխնիկական ապահովման, ապահովագրության և բեռնափոխադրումների վրա։ «Սա չի ազդի արտադրության վրա, բայց կարող է ազդել բոլոր մյուս բաղադրիչների վրա, որոնք որոշում են աշխարհի էներգետիկ շուկաների վիճակը։ Սրանք միանգամայն ակնհայտ բաներ են»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Ռուսական կողմը լավ հարաբերություններ ունի ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի հետ, ուստի այս հակամարտության դեպքում փորձում է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել։ Միևնույն ժամանակ Պուտինի այս հայտարարությունը պայմանավորված է ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման միտումներով, որոնք վերջին տարիներին կայուն կերպով զարգանում են։
Добавить комментарий