Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորել են «3+3» ձևաչափով բանակցությունների վերսկսումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կողմ են արտահայտվել տարածաշրջանային խորհրդատվական «3+3» ձևաչափի շրջանակում համատեղ աշխատանքի օպերատիվ վերսկսմանը։ 

Կողմերը քննարկել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում արդիական օրակարգի հարցեր, մասնավորապես իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացման համատեքստում։ Նրանք ընդգծել են զինված դիմակայությունը շուտափույթ դադարեցնելու կարևորությունը և  իրավիճակի կարգավորումը միջազգային-իրավական հայտնի հիմքի վրա։

#Դետքի_հետագծով

«3+3»-ն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած  տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է, որին հավանություն էր տվել նաև Ռուսաստանը։ Այն ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Այս ձևաչափով մեկ հանդիպում է անցկացվել 2021 թվականին Մոսկվայում, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները։ Վրաստանն այն ժամանակ մերժել էր հանդիպմանը մասնակցելու առաջարկը։

Добавить комментарий