Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն Ղարաբաղի հայերի ինտեգրման հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ այսօր Բիշքեկում նախատեսված են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Ուշակովն ընդգծել է, որ հանդիպմանը կքննարկվի Արցախում ստեղծված իրավիճակը։ «Օրակարգում են Ղարաբաղի հայերի՝ Ադրբեջանի իրավական դաշտ խաղաղ ինտեգրման և միջազգայնորեն ճանաչված իրավունքների և ազատությունների պահպանման հարցերը»,- ասել է նա։
Ռուս պաշտոնյան նշել է, որ ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել այդ գործընթացին։ Նրա խոսքով՝ Մոսկվայում հույս ունեն, որ վաղվա հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիևը կքննարկեն նաև խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը։
«Այստեղ մեր զորախմբի օգտագործման մի շարք տարբերակներ են քննարկվելու, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակության վայրեր հնարավոր վերադարձի ապահովման կոնտեքստում, վայրեր, որոնք նրանք լքել են սեպտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Ներկայումս Ռուսաստանն Արցախի հարցը քննարկում է բացառապես Ադրբեջանի հետ, քանի որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախն Ադրբեջանի կազմում։ Միևնույն ժամանակ ռուսական կողմը ձգտում է, որ Արցախի բնակչության մի մասը վերադառնա, որպեսզի տեղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունն օրինական հիմքեր ունենա։
Добавить комментарий