1

1720-ական թվականներին հրազենի արդիականությամբ հայկական զորքերը գերազանցում էին օսմանյան բանակին

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

1720-ական թթ. արևելահայկական Ղարաբաղ (Արցախ) և Կապան (Սյունիք) գավառներում վերստեղծվեցին հայկական զորքեր (մոտ 60,000 մարտիկ), որոնց հաջողվեց գլխովին զինել ժամանակի ամենաառաջադեմ հրաձգային զենքով՝ կայծքարե հրացաններով ու ատրճանակներով։

Տեղում տարեկան պատրաստվում էր մոտ 5-6 հազար կայծքարե փակաղակ, այն է՝ հրացան և ատրճանակ։ Դա ենթադրում էր իր ժամանակի և տարածաշրջանի համար բավականին զարգացած մանուֆակտուրային արտադրության գոյություն՝ ճյուղավորված ենթակառուցվածքով հանդերձ, ներառյալ համապատասխան հանքերի շահագործում, մոտակայքում գործող զինագործական արտադրամասեր, զորքերին զենքի մատակարարման վստահելի ծառայություն և, իհարկե, հարյուրավոր վարպետներ` զինագործներ, դարբիններ, ձուլորդներ, ատաղձագործներ և այլ արհեստավորներ։

Հայկական զինագործությունում ներգրավված վարպետների, հանքահատների և այլ բանվորների թիվն այդ տարիներին միասին կազմելու էր, մոտավոր հաշվարկով, առնվազն 1-2 հազար մարդ։ 1720-ական թվականներին հրազենի արդիականությամբ Արցախի և Սյունիքի հայկական զորքերը, փաստորեն, գերազանցում էին իրենց գլխավոր հակառակորդին՝ օսմանյան բանակին, որի սպառազինության մեջ՝ անգամ էլիտային յենիչարական գնդերում, դեռևս գերակշռում էին պատրույգավոր հրացանները։

Աղբյուրը՝ Արմեն Այվազյան․ «ՀԱՅԿԱԿԱՆ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ» 1720-ԱԿԱՆ ԹԹ.»

 

Добавить комментарий

From the author