Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր հարձակման վերաբերյալ Բլինքենի զգուշացմանը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին անդրադարձել է լրատվամիջոցներում առկա այն տեղեկությանը, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է օրենսդիրներին առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիա իրականացնել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Քանաանին ընդգծել է, որ այս հարցին պետք է պատասխանի ադրբեջանական կողմը։ Իրանցի պաշտոնյան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանի համար կարևոր են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ամերիկյան «Politico» պարբերականը տեղեկացրել էր, որ Բլինքենն անցած շաբաթ նախազգուշացրել էր օրենսդիրների խմբին, որ իր գերատեսչությունը հավանական է համարում՝ Ադրբեջանը կարող է շուտով ներխուժել Հայաստան։ Պարբերականի աղբյուրները հավաստիացնում են, որ հոկտեմբերի 3-ի հեռախոսազրույցում օրենսդիրները պահանջել էին Բլինքենից հնարավոր միջոցներ ձեռնարկել Ալիևի դեմ։

Ավելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ տեղեկությունը ճիշտ չէ և չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին։

#Դետքի_հետագծով

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի կողմից նման տեղեկության հրապարակումը վկայում է այն մասին, որ չնայած բազմաթիվ հերքումներին՝ Բաքուն պատրաստվում է նոր ագրեսիա իրականացնել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Իրանն իր հերթին դեմ է հանդես գալիս տարածաշրջանում նոր էսկալացիայի ծավալմանը և ձգտում է կանխել դա։

 

 

Добавить комментарий