դս

Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան

Մենք պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:

«Տրանսպորտային կոմունիկացիաների մասով, վերը նշված սկզբունքների, ներառյալ փոխադարձության սկզբունքի պահպանմամբ մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցումների, մենք պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների եւ ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով` հույս ունենալով նաև փոխադարձության, մենք պատրաստ ենք զորքերի հայելային ետքաշման՝ 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաեւ այսպես կոչված անկլավների հարցը, ինչպես հայտարարել եմ ս/թ հոկտեմբերի 10-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Եւ վերջապես պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նկատեց, որ այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունն ի դեպ ձեռք էր բերվել ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում եւ այդ պայմանավորվածությունը նույնպես արտահայտված է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ահա այդ հանդիպմանը չգալը մեր գործերը չհեշտացրեց:

«Բայց մյուս կողմից, մենք այս տարվա ընթացքում, ինչպես Եվրոպական խորհդարանի նախագահը նշեց, Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք եւ եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն` մինչեւ տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական»,-ասաց նա:

 

Добавить комментарий