Իրանի գերագույն առաջնորդն Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն գործելու մեջ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Իսրայելին մեղադրել է Պաղեստինի խաղաղ բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ալի Խամենեին շեշտել է՝ եթե Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունները շարունակվեն, ոչ ոք չի կարող կանգնեցնել մուսուլմաններին և դիմադրության ուժերին։ Նրա խոսքով՝ Գազայի իսրայելական ռմբակոծումները պետք է անհապաղ դադարեցվեն։
Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ Իսրայելը պետք է կանգնի դատարանի առջև իր կատարած հանցագործությունների համար։
«Գազայի հատվածից ստացվող տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ ներկա քաղաքականությունը սիոնիստական վարչակարգի ներսում մշակում են ամերիկացիները։ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում վերջերս տեղի ունեցած հանցագործությունների համար»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իսրայելի իշխանությունները նպատակ ունեն Գազայի հատվածում ցամաքային գործողություն իրականացնելու և շրջանն ամբողջովին իրենց վերահսկողության տակ վերցնելու։ Սա բնականաբար չի բխում Թեհրանի շահերից, որը ձգտում է կանխել նման զարգացումը, իսկ Իրանի գերագույն առաջնորդի կողմից նման հայտարարության հնչեցումը վկայում է այն մասին, որ չափազանց մեծ է նման գործողության հավանականությունը։
Добавить комментарий