Ռուսաստանը խախտում է հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը. ԱՄՆ
ԱՄՆ-ն երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է միջուկային սպառազինությունների վերահսկման պայմանագիրը (СНВ-3)՝ հրաժարվելով իր տարածքում տեսչական գործունեություն թույլ տալուց, տեղեկացրել է «Ամերիկայի ձայնը»։
Հիշեցնենք՝ պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011 թ. և հինգ տարով երկարացվել 2021-ին։ Այն սահմանափակում է ռազմավարական միջուկային մարտագլխիկների քանակությունը, որոնք կարող են տեղակայել ԱՄՆ-ն և Ռուսաստանը, ինչպես նաև վերերկրյա և ստորջրյա բազավորման հրթիռների և դրանք տեղափոխող ռմբակոծիչների օգտագործումը։
«Տեսչական գործունեությանն աջակցելուց Ռուսաստանի հրաժարումը խանգարում է Միացյալ Նահանգներին պայմանագրով նախատեսված կարևոր քայլերի իրականացման հարցում և սպառնում է միջուկային սպառազինությունների ամերիկա-ռուսական վերահսկողության կենսունակությանը»,- երեքշաբթի հրապարակված էլեկտրոնային նամակում նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Օգոստոսին Մոսկվան դադարեցրել է պայմանագրի շրջանակում տեսչությունների հետ համագործակցությունը՝ դրանում մեղադրելով Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո մտցրած ուղևորությունների սահմանափակումների համար, բայց հայտարարել է, որ նախկինի պես հավատարիմ է պայմանագրի դրույթներին։
«Ռուսաստանը պայմանագրի կատարմանը վերադառնալու «հստակ ճանապարհ» ունի տեսչական գործունեությունը թույլատրելու միջոցով, և Վաշինգտոնը նախկինի պես պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ պայմանագրի դրույթների լիարժեք կատարման համար,- ավելացրել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։- Միջուկային սպառազինությունների կրճատման նոր պայմանագիրը նախկինի պես համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին»։
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները նոր պայմանագրի շրջանակում տեսչություների վերականգնման մասին պետք է տեղի ունենային նոյեմբերին Եգիպտոսում, բայց Ռուսաստանը հետաձգել է դրանք, և նոր ժամկետ չի նշանակվել։
Добавить комментарий