Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Պաղեստինի հիվանդանոցի նկատմամբ կատարված հարձակումը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին խստորեն դատապարտել է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա կատարված ավիահարվածը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Քանաանին հարձակման համար մեղադրել է Իսրայելի իշխանություններին։ «Իրանը խստորեն դատապարտում է Գազայի հիվանդանոցի վրա սիոնիստական ռեժիմի գործած սարսափելի հարձակումը»,- ասել է նա:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը պատասխանատվության կենթարկվի իր կատարած վայրագությունների համար։ Նա միևնույն ժամանակ քննադատել է Իսրայելի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։
Հիշեցնենք, որ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 17-ի գիշերը տեղի «Ալ-Ահլի» արաբական հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից օդային հարձակում է իրականացվել։ Հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 1000-ը։
#Դետքի_հետագծով
Գազայի հիվանդանոցի նկատմամբ կատարված հարձակումը հանգեցրել է նման մեծ թվով զոհերի և վիրավորների, քանի որ հիվանդանոցը միևնույն ժամանակ ծառայել է որպես ապաստարան։ Չնայած Պաղեստինը և Իրանը հարձակման համար մեղադրում են Իսրայելին, այնուամենայնիվ վերջինս հերքում է այդ մեղադրանքները՝ նշելով, որ հարձակումն իրականացրել է «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը։
Добавить комментарий