Опубликовано detq-editor -
ՊՆ զորամիավորումներ ու զորամասեր այցելությունները լինելու են շարունակական. Սուրեն Պապիկյան

ՊՆ զորամիավորումներ ու զորամասեր այցելությունները լինելու են շարունակական. Սուրեն Պապիկյան

«Մեկնարկել են շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ Դրանք լինելու են շարունակական և կրելու են նաև անակնկալ բնույթ»,- ֆեյբուքայան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նշել է , որ անակնկալ այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել զինծառայողներին անհանգստացնող մտահոգությունների ու խնդիրների վերաբերյալ:

«Ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։ Պետք է իսպառ բացառվեն ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, անփութության, անկարգապահության հետևանքով տեղի ունեցող դեպքերը։ 2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի»,- գրել է Ս. Պապիկյանը։

Փետրվարի 1-ին նմանօրինակ այցով ՊՆ նախարարը եղել է N զորամասում, ծանոթացել օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը, այցելել  հրաձգարան, հետևել գործնական պարապմունքների ընթացքին: 

Добавить комментарий