Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը. Սամվել Շահրամանյան
Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, որը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ հանդիպել է հավաքված արցախցիներին, որոնք ցանկանում էին իրենց հարցերի պատասխանները ստանալ:
Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ շատ հարցերի չի կարող անդրադառնալ հանրային տիրույթում, պատրաստ է մյուս շաբաթվա ընթացքում հանդիպել արցախցիներին և բոլոր հարցերի պատասխանները տալ։ Այնուամենայնիվ, նա անդրադարձավ Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթղթին:
«Մարդ կա՞ այստեղ, որ այդ փաստաթուղթը տեսել է։ Ուզում եմ հասկանալ` ծանո՞թ եք այդ փաստաթղթին մինչև վերջ։ Այդ փաստաթղթի հետ կապված բավականին հարցեր կան, որոնք այստեղ չեմ կարող ասել։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք այդ փաստաթղթի և՛ դրական, և՛ բացասական կողմերին ենք ծանոթ։
Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես հանրային ձևով կտամ Հանրային հեռուստաընկերությունում, որին նախապատրաստվելու մասով ես իմ ցուցումն արդեն տվել եմ։ Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ՝ այն փաստաթղթին, որով ամսի 20-ին ռազմական գործողությունները կանգնեցվեցին։
Ոչ մեկի մոտ թող կասկած չլինի, որ եթե մենք իմանայինք, որ հաղթելու ենք այդ ռազմական գործողություններում, մենք մինչև վերջ գնալու էինք։ Մենք խնայել ենք մեր տղաներին, քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված է եղել։ Մեկ ժամ ուշ կանգնեցվեր պատերազմը, կմտնեին քաղաք, երեխաներին կմորթեին»,- հայտարարեց Շահրամանյանը։
Добавить комментарий