Опубликовано G.Avetisyan -
37

Բաքուն մտածված հարձակվեց Արցախի վրա ցերեկը, որ քաոս ստեղծի. Թաթոյան

Ադրբեջանական զինուժը հարձակման հենց սկզբից Արցախի չորս շրջանները` Մարտունին, Մարտակերտը, Ասկերանն ու Ստեփանակերտը, կտրել է իրարից և մեկուսացրել։ Այս մասին հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով բացառիկ փաստեր Արցախի նկատմամբ Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ: 

Թաթոյանը վստահ է՝ ադրբեջանական իշխանությունները մանրամասն պատրաստվել էին այդ հարձակմանը` իրենց առաջ նպատակ դնելով նաև առաջին իսկ րոպեներից խուճապ ու քաոսային իրավիճակ ստեղծելու Արցախում։

Ըստ նրա՝ պատահական չէ նաև հարձակման ժամը` 12։00-12։30-ի սահմաններում, երբ երեխաները դպրոցներում էին. «Արցախն ինն ամսից ավելի շրջափակման մեջ էր, և ծնողները հաճախ երեխաներին դպրոցում թողնելուց հետո կարող էին գնալ սնունդ հայթայթելու գործերով, և այդ ռազմական գործողությունների հետևանքով շատ տեղերում ընտանիքները կտրվել էին միմյանցից, ծնողները երեխաներին չէին գտնում»։

Արման Թաթոյանը նշեց, որ ադրբեջանական զինծառայողները շղթայի մեջ են վերցրել բնակավայրերը. նրանք, ովքեր չեն հասցրել դուրս գալ գյուղերից, կա'մ գերեվարվել են, կա'մ սպանվել: 

«Բնակավայրերը մեկուսացնելուց բացի` ադրբեջանական զինուժը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակիչներին: Կամովի տներից հեռանալու մասին խոսք չկա։ Արցախում էթնիկ զտումներ են իրականացվել»,- ասաց նախկին ՄԻՊ-ը՝ օրինակ բերելով Մարտակերտի Սարսանգի ջրամբարի հարակից գյուղերի դեպքերը, երբ մարդիկ առանց շոր ու կոշիկ ստիպված են եղել դուրս գալ այնտեղից, քանի որ անակնկալի են եկել և ժամանակ չեն ունեցել պատրաստվելու:

Թաթոյանը ներկայացրեց նաև Ասկերանի շրջանի ուղղությամբ, այդ թվում՝ Սառնաբյուր գյուղի վրա ադրբեջանական հարձակումը: Հենց այդ գյուղում է եղել քաղաքացիական 5 անձանց սպանություն, նրանցից 3-ը` երեխաներ, 2-ը` մի ընտանիքից։

«8-ամյա և 10-ամյա եղբայրները, որոնք ադրբեջանական զինծառայողների կողմից սպանվել էին, դպրոցում էին եղել այդ ժամանակ։ 3 երեխաներն էլ դպրոցում են եղել»,- շեշտեց Թաթոյանը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի մեկուսացմանը, ապա, ըստ Թաթոյանի, սա հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող գործողություն է եղել Ադրբեջանի համար։

 

Добавить комментарий