Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական համագործակցության որոշ հարցեր․ Անդրանիկ Քոչարյան
Արձանագրենք, որ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում և հանդիպում է ունենալու իր գործընկերոջ հետ։ Քննարկվելու են բազմաթիվ հարցեր, և ռազմական համագործակցության որոշ տարրեր իրենց տեղը կգտնեն այս հանդիպման արդյունքում։ Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա այցին և Փարիզի հետ հնարավոր ռազմական մատակարարումների պայմանագրի ստորագրմանը։
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ Հայաստանն իր ռազմական համագործակցության շրջանակը մեծացնում է, Քոչարյանը պատասխանել է․ «Դա այնքան ակնհայտ է, որ ցանկացած պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի, ինչպես նաև քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։ 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ կարծես թե մենք այդ բոլոր հարթակներում պետք է լուրջ աշխատանքներ ծավալենք և ոչ միայն ունենանք բարեկամներ, այլ նաև ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք առաջին հերթին միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որպեսզի մեր երկրի կայունությանը առնչվող բոլոր հարցերը ստանան պատշաճ լուծումներ»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Добавить комментарий