9879

Մենք դեմ ենք «Զանգեզուրի միջանցքին» եւ աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Մեհրդատ Բազրփաշ

Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

«Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում», - News.am-ի փոխանցմամբ՝ նշեց նա։ 

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։

«Մենք բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք Զանգեզուրի միջանցքի հետ եւ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում այդ մասին ասել ենք, որ դեմ ենք դրան: Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա եւ մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», - ընդգծեց Բազրփաշը։

Նրա խոսքով՝  Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել. «Այն ենթակառուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, հենց ուղղված են կայուն խաղաղությանը հարեւան երկրների միջեւ», - հավելեց իրանցի նախարարը։

Նա հիշեցրեց, որ վերջերս Ադրբեջանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել Արազ միջանցքի վերաբերյալ, որն Ադրբեջանից անցնում է Իրանի տարածքով դեպի Նախիջեւան:

 

 

Добавить комментарий