Ադրբեջանը հայտարարել է Իրանի օգտին աշխատող 39 գործակալների ձերբակալության մասին
Ադրբեջանը հայտարարում է Իրանի համար աշխատող 39 գործակալների ձերբակալության մասին։ Նմանօրինակ հաղորդագրություն է այսօր տարածել APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։
«Ձերբակալվածներն իրենց, որպես հավատացյալներ ներկայացնելով, սոցիալական ցանցերում քարոզչություն էին իրականացնում հօգուտ Իրանի, կատարում էին իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները»,- պնդում են ադրբեջանական աղբյուրները՝ հավելելով, թե ձերբակալվածները հավաքագրված տեղեկությունը փոխանցել են Իրանի հետախուզական մարմիններին։
Ադրբեջանի ՆԳՆ-ն «իրանական լրտեսական ցանցի» դեմ հատուկ գործողության մասին հայտարարել էր նախօրեին։ Դրա ընթացքում խուզարկություններ էին իրականացվել մի շարք անձանց բնակարաններում, ինչպես նաև Բաքվում գործող «Salamnews» և «Inter.az» կայքերի խմբագրություններում։
Добавить комментарий