Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» կոչ է արել ԵԱՀԿ-ին աջակցել ադրբեջանցիների վերադարձին
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահի տեղակալ, պատգամավոր Ռամիլ Հասանը մասնակցել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCNM) հերթական միջոցառմանը։ OHCNM-ի ստեղծման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին Նիդեռլանդների Հաագա քաղաքում, մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին, գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը, ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Կայրաթ Աբդրախմանովը։
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտնել է, որ ակտիվորեն մասնակցում է մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած միջազգային կազմակերպությունների գործունեությանը, բարձրացնում է իբրև Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ անվտանգ ու արժանապատվության պայմաններում խաղաղ վերադարձի իրավունքի հարցը և ջանքեր է գործադրում այդ հարցում միջազգային աջակցություն ստանալու համար։ Ռամիլ Հասանը, խեղաթյուրելով իրականությունը, նշել է, որ Հայաստանից ադրբեջանցիներ են արտաքսվել, ապա ընդգծել, որ մարդու միջազգային իրավունքների այլ ասպեկտների հետ մեկտեղ Հայաստանի բոլոր գործողությունները հակասում են միջազգային նորմերին։
Добавить комментарий