Զանգեզուրի մասին Բաքվի բարձրացրած աղմուկն օգուտ չի տվել երկրին. ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին քննադատել է Հայաստանի Սյունիքի մարզի հարցում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի վարած քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Инфотека-24» լրատվականը։
Գահրամանլին խոստովանել է, որ Զանգեզուրի մասին Բաքվի բարձրացրած աղմուկը ձեռնտու չէ երկրին։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ մինչև այսօր Եվրամիությունը, Եվրոպական ներդրումային բանկը, ԵՄ անդամ երկրներից Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Շվեդիան և Շվեյցարիան 51 միլիոն եվրո են ներդրել Սյունիքի մարզում՝ «Եվրոպայի թիմ» ծրագրի շրջանակում:
Ադրբեջանցի գործիչը հայտնել է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հաստատել է, որ Եվրամիության այս քայլը պատասխան է տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին՝ նշելով, որ օգնությունը հետագայում կավելանա։ Բացի դրանից՝ Սյունիքի մարզպետը նշել է, որ նախագծի առաջին փուլի համար արդեն կնքվել է 11 միլիոն եվրոյի պայմանագիր։
«Այն ժամանակ, երբ մենք քարոզում էինք «վերցնենք Զանգեզուրը», հայերն աշխարհին ավելի հմտորեն Ադրբեջանը ներկայացնում էին որպես ագրեսոր, որը սպառնում է հարևան երկրին օկուպացիայով, և իրենց անվտանգությունն ապահովելու համար 2 տարի ժամկետով ԵՄ դիտորդներ բերեցին ու 51 մլն եվրո աջակցություն ստացան ԵՄ-ից և ներդրումներ Զանգեզուրի զարգացման համար։ Այս 51 միլիոն եվրոն սկզբնական մեկնարկն է, որն ավելի շատ քաղաքական նշանակություն ունի, քան տնտեսական»,- հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը։
Добавить комментарий