
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին` 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։
«Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների և բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որը վերաբերում է հետևյալին․ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար։
Բացի քաղաքական պայմանավորվածությունից` նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել։ Մասնավորապես, մենք վերազինման և վերականգնման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և այս առումով արդեն պատրաստ ենք նման զարգացումների։ Հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- նշել է վարչապետը։
Добавить комментарий