Опубликовано H.Andreasyan -

Պաշտպանության ոլորտում 2024-ի բյուջեի ծախսերն ավելանում են․ Փաշինյան

Պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են և ավելանում 125 տոկոսով։ 2024 թվականի բյուջեի ավելացող մասը միայն 309 միլիարդ դրամ է, իսկ 2018 թվականի նախատեսված ամբողջ տարվա բյուջեն կազմել է 247.9 միլիարդ դրամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

«Պետք է արձանագրենք, որ մեր պաշտպանական ծախսերն էականորեն և առանցքային են։ Մեզ համար առաջնային են մեր բանակի, մեր զինված ուժերի բարեփոխումները։ Նաև պետք է ընդգծեմ, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում մեր հայտարարած խաղաղության օրակարգին, որովհետև մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է և պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար։

Մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվում։ Իհարկե, ոչ այն տեմպով, որը մեզ համար ցանկալի է, որովհետև դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ, բայց պետք է արձանագրեմ, որ մենք մեր հռչակած կուրսը՝ անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ, արդեն, ըստ էության, իրագործում ենք, և դուք հրապարակային տեղեկատվությամբ կարող եք այդ մասին որոշակի պատկերացում կազմել։ Իհարկե, մենք նաև այս մասով հրապարակայնության որոշակի սահմանափակում ունենք, ինչը չի վերաբերում անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովներում դռնփակ ռեժիմով տեղի ունենալիք քննարկումներին։ Մեր հարգարժան պատգամավորներն այդ քննարկման ընթացքում կարող են ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, և պետք է արձանագրեմ, որ այդ առումով Պաշտպանության նախարարությունը, իհարկե, ասելիք ունի»,-  նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով` անվտանգության առումով էական է նաև Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը։

«Այն արդեն ստեղծվել է և ձևավորման փուլում է։ Հույս ունեմ ու համոզված եմ, որ այն ևս լրացուցիչ և էական գործոն կդառնա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առումով»,- նշել է Փաշինյանը։

Добавить комментарий