Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» էլեկտրոնային քարտեզ է պատրաստում
Ադրբեջանը, վերջերս հաճախ շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» ասելով, նկատի ունի ներկայիս Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։
Այդ արհեստածին կազմակերպության նախագահ Ազիզ Ալաքբարլին բացահայտ նշել է, որ Հայաստանն է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի իրական նպատակը։
«Արևմտյան Ադրբեջանում՝ այսօրվա Հայաստանում, թյուրքական ծագում ունեցող տեղանունների հայկականացումը երկար տարիներ ապացուցված է փաստերով։ Հայերը նպատակ են ունեցել ջնջելու ադրբեջանցիների հետքերն այս հողերում»,- «Արևմտյան Ադրբեջանի տեղանունները. պատմության խեղաթյուրումից մինչև վերականգնում» թեմայով հանրային լսումների ժամանակ ասել է Ազիզ Ալաքբարլին:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նա պնդել է, որ 1978 թվականի հունվարի 25-ին ՀԽՍՀ հրամանագրով փոխվել է 93 բնակավայրի անվանում։ Նշելով, որ այդ տեղանունների փոփոխությունն անօրինական է, Ալաքբարլին հավելել է, որ պատրաստվում է Արևմտյան Ադրբեջանի էլեկտրոնային քարտեզը, որի վրա արտացոլված են հին տեղանունները։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանն ակտիվորեն շրջանառում է նաև «Արևմտյան Զանգեզուր» տերմինը, որի անվան ներքո նկատի ունեն Սյունիքի մարզը, իսկ «Արևելյան Զանգեզուր» անվան տակ նկատի ունեն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը։ Այս համայնքը գործում է պետության հովանավորությամբ, ինչն էլ թույլ է տալիս անհիմն մեղադրել և շրջանառության մեջ դնել կեղծ տերմիններ։
Добавить комментарий