Իսրայելի հանցագործությունները Պաղեստինում կատարվում են ԱՄՆ-ի ուղիղ աջակցությամբ. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Պաղեստինում իսրայելական վարչակարգի հանցագործությունները կատարվում են ԱՄՆ-ի ուղիղ աջակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ «Հիզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ, շեյխ Նաիմ Քասեմի հետ զրույցում Վելայաթին քննադատել է ամերիկացի պաշտոնյաներին, որոնք հայտարարել են, որ եթե Իսրայելը գոյություն չունենար, նրանք ստիպված կլինեին ստեղծել այն։ «Մենք համոզված ենք, որ Պաղեստինը և Գազան կհաղթեն այս վճռական մարտում»,- նշել է նա։
Քասեմն իր հերթին ողջունել է Իրանի դիրքորոշումը դիմադրության ճակատին աջակցելու հարցում։ Նա հայտարարել է, որ դիմադրության ուժերը կշարունակեն պայքարել թշնամիների դեմ, մինչև ջախջախեն նրանց։
Ալի Աքբար Վելայաթին հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդի արդարացի պայքարին։
#Դետքի_հետագծով
Իսրայելը վերջին օրերին ուժգնացրել է Գազայի հատվածում իրականացվող գործողությունները, ինչն առաջացրել է իրանական կողմի դժգոհությունը։ Սրան զուգահեռ Իրանը մեծացնում է Պաղեստինին և ՀԱՄԱՍ շարժմանը ցուցաբերվող աջակցության ծավալները՝ ուժային հավասարակշռությունը պահպանելու համար։
Добавить комментарий