Опубликовано H.Minasyan -
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ելույթի հիմնական դրույթները ԹՊԿ 10-րդ գագաթնաժողովին

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ելույթի հիմնական դրույթները ԹՊԿ 10-րդ գագաթնաժողովին

Ինչպես արդեն հայտնել ենք, ս.թ. նոյեմբերի 3-ին Աստանայում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը՝ «Թյուրքական դար» թեմայով։ Գագաթնաժողովի շրջանակում  ելույթ են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Ստորև ներկայացնում ենք ելույթների հիմնական կետերը։

 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին: Թյուրքական աշխարհը հետզհետե ավելի է կազմակերպվում և խորացնում համագործակցությունը։

Ֆիդանն ուշադրություն է հրավիրել «Միջին միջանցքի» վրա։

«Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի «Միջին միջանցքը» դառնա ավելի գրավիչ ներդրողների համար»,- նշել է թուրք պաշտոնյան։

Խոսելով Կիպրոսի թուրքերի մասին՝ Ֆիդանն ասել է, որ կազմակերպության անդամ երկրները պետք է միասին դիմակայեն Կիպրոսի թուրքերի նկատմամբ կիրառվող «անարդար և անմարդկային մեկուսացմանը»։

Նշենք, որ թուրքական զորքերը Կիպրոս են ներխուժել 1974 թվականին և զավթել կղզու հյուսիսային մասը: Իսկ 1983 թ. նոյեմբերի 15-ին թուրքական կողմը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը: Որպես անկախ պետություն՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Միջազգային հանրությունը համարում է, որ ՀԿԹՀ-ն Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Գազայի պատերազմին։ Առաջ տանելով պաշտոնական Անկարայի դրույթը և աջակցելով ՀԱՄԱՍ-ի գործողություններին՝ Ֆիդանն Իսրայելի հարձակումը խաղաղ բնակիչների վրա ու այնտեղ կատարվող իրադարձությունները որակել է «անընդունելի կոտորած»։

Նա կոչ է արել անհապաղ ու անվերապահորեն զինադադար հայտարարել և օգնություն ուղարկել Գազա:

Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, կարևորելով բոլոր ոլորտներում ԹՊԿ անդամ երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը, նշել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է բազմակողմ հարաբերությունների պահպանումը։

Բայրամովը նշել է, որ Արցախի օկուպացված տարածքներում (խմբ.) տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումն առանձնահատուկ նշանակություն ունի «Միջին միջանցքի» երկայնքով նոր տրանսպորտային զարկերակի բացման տեսանկյունից և կնպաստի ընդհանուր առմամբ կազմակերպության երկրների տարանցիկ ներուժի լիարժեք իրացմանը՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը զուգահեռ:

Добавить комментарий