Փաշինյանը հարցում է ուղարկել Ադրբեջանի կառավարությանը Ստեփանակերտի բնակչության վերադարձի հարցով. Զահիդ Օրուջ
Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կառավարությանը պաշտոնական հարցում է ուղարկել Ստեփանակերտի հայ բնակչության վերադարձի թեմայով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Օրուջը, արձագանքելով Հայաստանի վարչապետի անունից ներկայացված ենթադրյալ դիմումին, հարցրել է, իսկ Փաշինյանը պատրա՞ստ է այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիներին» (Հայաստանի ողջ տարածքն Ադրբեջանում անվանվում է Արևմտյան Ադրբեջան) կոչ անել վերադառնալ Երևան, Սևան և Սյունիք։
Ադրբեջանցի պաշտոնյան նաև համոզմունք է հայտնել, որ ի տարբերություն Արցախի, որտեղ «վերադառնալու համար» 27 տարի պահանջվեց, Երևան, Սևան և Սյունիք «վերադարձը» կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներում:
Նկատենք, որ Հայաստանի իշխանություններն այս պահի դրությամբ դեռևս չեն արձագանքել ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվող այս տեղեկությանը։
#Դետքի_հետագծով
Հայաստանի իշխանությունները նախքան Արցախի լիակատար հայաթափումը հայտարարում էին, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի արցախցիները կարողանան ապրել իրենց հայրենիքում՝ անգամ Ադրբեջանի վերահսկողության պարագայում, ուստի հնարավոր է, որ այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այս հայտարարությունը Բաքվի քարոզչական պատերազմի մի մասն է կազմում, որը տարածվել է հայ հասարակության շրջանում քաոս և խուճապ տարածելու նպատակով։
Добавить комментарий