Իրանի գերագույն առաջնորդն ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հանդիպում է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Fars» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Հանիեն ներկայացրել է Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ.) իրականացրած հանցագործությունները։
«Բարձր գնահատելով Գազայի ժողովրդի տոկունությունը և դատապարտելով Իսրայելի հանցագործությունները՝ Խամենեին ընդգծել է իսլամադավան երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից լուրջ գործողությունների, ինչպես նաև մուսուլմանական պետությունների կառավարությունների կողմից Պաղեստինի ժողովրդին համակողմանի աջակցության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
#Դետքի_հետագծով
Իրանի իշխանությունները շարունակում են տարբեր կերպ մեծացնել Պաղեստինի ժողովրդին տրամադրվող աջակցությունն Իսրայելի դեմ պատերազմում։ Այս նպատակով Իրանի գերագույն առաջնորդը Թեհրանում ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարին և վերջինիս հետ քննարկել պատերազմի վերջին զարգացումներն ու առաջիկա քայլերը։
Добавить комментарий