1

«Գմբեթ 2»-ի նպատակն ու ՊՆ-ի արձագանքը․ ինչ հակասություններ կան ՈՄԱ-ի և նախարարության միջև. «Factor.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Գմբեթ 2»․ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունն արդեն տևական ժամանակ իրականացնում է այս անվանումը ստացած նախագիծը։ Սահմանանամերձ գոտիներում կառուցվում են փայտահողային պաշտպանական կետեր։ Այդ նպատակով ՈՄԱ-ն դրամահավաք է իրակականցնում, որին աջակցում են նաև երգիչներ, դերասաններ և այլ հայտնի դեմքեր։

Պաշտպանության նախարարությունը, սակայն, վերջերս հայտնեց, որ «ՈՄԱ»-ի կողմից իրականացվող որևէ դրամահավաք նախարարության հետ համաձայնեցված չէ, իսկ սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքներն իրականացնելու համար ՊՆ-ն նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։

«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպությունը «ՈՄԱ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ այսօր հայտարարություն է տարածել։

«Ցանկացած ուղղակի կամ անուղղակի մեղադրանք՝ ուղղված ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հասցեին, հետևանք է առաջին հերթին պետական կառավարման թերացումների ու բացթողումների։ Մասնավորապես, անվտանգային ոլորտում հանրության լայն շերտերի հորդորները, առաջարկները և նախաձեռնությունները չեն արժանանում պատշաճ արձագանքի և ուշադրության»,- ասվում է հայտարարությունում։

ՈՄԱ-ի հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի խոսքով՝ ՊՆ-ն լիազորված չէ թույլ տալ կամ չտալ կազմակերպության կողմից դրամահավաք կամ ամրաշինակական աշխատանքներ իրականացնելու համար։ Խաչատրյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարության նման արձագանքից հետո հանրության մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՈՄԱ-ն կառուցում գմբեթներ, եթե Պաշտպանության նախարարությունից թույլտվություն չկա, կամ ինչպես ՊՆ-ն է նշում, դրա կարիքը չկա։

Պետք է օժանդակել ռազմաքաղաքական կազմակերպություններին, որպեսզի նրանք ավելի լայն ընդգրկված լինեն նմանատիպ աշխատանքներում՝ ասում է ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը։ Փորձագետի խոսքով՝ առանց ռազմամարզական կազմակերպությունների և հասարակության ներգրավման պետությունն ի վիճակի չէ կազմակերպել երկրի լիարժեք պաշտպանություն։

Արզումանյանը վստահեցնում է՝ չնայած ՊՆ-ն խոսում է անհամաձայնության մասին, սակայն մեկ տարի առաջ կազմակերպության և Պաշտպանության նախարարության միջև նման աշխատանքների համաձայնություն եղել է։

ՈՄԱ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից Factor.am-ին փոխանցեցին, որ այս տարվա օգոստոսին ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով: Ըստ նախարարության՝ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունն աջակցել է Շահինյանին՝ «Բաղրամյան» զորավարժադաշտում տրամադրելով համապատասխան տարածք:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանն ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում՝ միաժամանակ ընդգծելով, որ սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում ՊՆ-ն նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի․ ՀՀ պետական բյուջեից Պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Добавить комментарий

From the author