Մենք շահագրգռված ենք հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ․ Պատրուշև
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն հակամարտությանը միջամտելուց։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Պատրուշևը պնդել է, որ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը։ «Մենք շահագրգռված ենք հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմանների ստեղծմամբ և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- ասել է նա։
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ ՌԴ-ն հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։ Նրա համոզմամբ՝ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում:
«Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են իրավիճակի դեգրադացիա տարածաշրջանում և նպաստում այնտեղ հակասությունների պահպանմանը»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Արևմտյան դերակատարները փորձում են ամեն կերպ իրենց վերահսկողության տակ վերցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սա բնականաբար չի բխում Մոսկվայի շահերից, քանի որ վերջինս Հարավային Կովկասը մշտապես համարել է իր ազդեցության գոտիներից մեկը և պատրաստ չէ այն կորցնել։
Добавить комментарий