Հայաստանը պետք է ստեղծի իր անվտանգության երաշխիքները՝ ազգ-բանակ ինքնապաշտպանական համակարգը կառուցելով
Կոլեկտիվ Արևմուտքն ու ՌԴ-ն վաղուց ի վեր համաձայնեցված քաղաքականություն են վարում Հայաստանի Հանրապետության և Արցախի նկատմամբ։ Այս մասին գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Ի շարս այլ փաստերի` դա պարզ երևում է նրանց գործածած՝ մեզ վերաբերող միևնույն կամ միանման «դիվանագիտական» բառապաշարից։ Օրինակ` «Մեծ յոթնյակ»-ի ԱԳ նախարարները ս.թ. նոյեմբերի 8-ին Արցախի հայաթափումը որակում-նենգափոխում են որպես «տեղաշարժ» կամ «տեղափոխում» (displacement), այլ ոչ թե համարժեք միջազգային իրավական եզրույթներով՝ որպես «բռնի տեղահանություն» (forced deportation), «էթնիկ զտում» (ethnic cleansing) և «ցեղասպանություն» (genocide)։
«Մեծ յոթնյակ»-ն Արցախի հայաթափման հարցը իրավաքաղաքական մակարդակից իջեցրել է «տեղաշարժի ենթարկված մարդկանց» հումանիտար հարցերը լուծելու ընթացիկ աշխատանքների հարցի։ Ըստ այդմ` Ադրբեջանին կոչ են անում կատարել ընդամենը «միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորությունները»՝ առանց նույնիսկ հստակեցնելու, թե ինչ պետք է անի Բաքուն, հավանաբար՝ վերանվանված Ստեփանակերտում «մարդասիրական զորահանդես» անցկացնի հաջորդ իսկ օրը։
Այժմ տեսնենք, թե «Մեծ յոթնյակ»-ի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց ինչ է ասում պաշտոնական Մոսկվան։ Երեկ իր ավանդական ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արցախից տեղահանված հայերին երկիցս բնութագրեց «վերաբնակներ» եզրույթով՝ «карабахские переселенцы» և «переселенцы из Карабаха»։ Այսինքն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Լեռնային Ղարաբաղի հայերը կամովին որոշել են «վերաբնակվել» (երևի Արցախի կլիման վատն էր, կամ գուցե գետերն իրենց հունը փոխել էին) և դրանով իսկ առաջացրել են հումանիտար խնդիրներ, որոնց էլ այժմ ՌԴ-ն արձագանքում է՝ տրամադրելով հումանիտար օգնություն։ Այնուհետև Մ. Զախարովան մանրամասն խոսեց այդ օգնության տեսականու և ծավալների մասին։
Խնդրեմ, ճիշտ ու ճիշտ միանման դիվանագիտական մոտեցումներ ու բառապաշար, որը չէր կարող համաձայնված չլիներ՝ հայերը «տեղաշարժվել» են, «տեղափոխվել» են, «վերաբնակվել» են, իսկ այժմ կոլեկտիվ Արևմուտքն ու ՌԴ-ն, անչափ մեծ մարդասիրությունից դրդված, հայերին որոշել են «հումանիտար օգնություն» տրամադրել, որի համար հայերը պետք է միայն ու միայն շնորհակալ լինեն։ Բռավո՛, փայլուն է։
Ընդ որում` «Մեծ յոթնյակն» ու ՌԴ-ն ոչ համարժեք նմանատիպ դիրքորոշումները որդեգրել են ոչ միայն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվությունից ազատելու, այլև կատարված մեծագույն ոճրագործությանն իրենց հանցավոր մեղսակցությունը քողարկելու նպատակով։
Այդ իսկ պատճառով էլ կրկնում եմ՝ Հայաստանում անդադար ընթացող «արտաքին կողմնորոշման»՝ «Արևմուտք, թե՞ ՌԴ» ընտրության գզվռտոցը ժամանակի և ուժերի մսխում ու վատնում է, որովհետև Հայկական հարցում կոլեկտիվ Արևմուտքն ու ՌԴ-ն հանդես են գալիս միասնական համաձայնեցված դիրքորոշումներով, որոնք էլ առայժմ Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, մեղմ ասած, չեն համապատասխանում։
Ուստի Հայաստանը մի կողմից պետք է ստեղծի իր սեփական անվտանգության երաշխիքները՝ ազգ-բանակ ինքնապաշտպանական համակարգը կառուցելու միջոցով, մյուս կողմից՝ նոր ռազմավարական դաշինքներ կնքի իր գոյությամբ շահագրգռված պետությունների, նախևառաջ Իրանի, ապա նաև Հնդկաստանի հետ։
Ուրեմն՝ Ո՛Չ ՀՅՈՒՍԻՍ, Ո՛Չ ԱՐԵՎՄՈՒՏՔ, ԱՅԼ ՀԱՐԱՎ ԵՎ ԱՐԵՎԵԼՔ»,- գրում է Այվազյանը։
Добавить комментарий