Опубликовано H.Minasyan -
Fun

«Ֆրանսիայի ռազմական տեխնիկան Հայաստան ուղարկելը կսրի իրավիճակը տարածաշրջանում». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, ի պատասխան Ֆրանսիայի` Հայաստան զինտեխնիկա ուղարկելու մասին հարցին, նշել է, որ զինտեխնիկայի փոխանցումը կծառայի Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը, որը «շուրջ 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքի մի մասը և չի հրաժարվում իր ագրեսիվ քաղաքականությունից, հռետորաբանությունից և ապակառուցողական գործունեությունից»:

Նա նշել է, որ Ֆրանսիայի այս քայլերը, որը ներկայանում է որպես միջազգային իրավունքի խթանող և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ջատագով, լրջորեն կասկածի տակ են դնում փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման ջանքերը։

«Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի զրպարտչական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը ծառայող այս քայլերը ցույց են տալիս, որ Ֆրանսիան գործում է` տարածաշրջանում սխալ շահերից ելնելով»,- նշել է Հաջիզադեն:

Նա կոչ է արել միջազգային հանրությանը զերծ մնալ Հայաստանին զինելուց և դադարեցնել ու դատապարտել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատմանը խոչընդոտող նման «ոչ օրինական գործողությունները»։

Добавить комментарий