Ադրբեջանի նախաձեռնած աղմուկը Հայաստանի ռազմական մատակարարումների մասով նպատակ ունի քողարկելու Ադրբեջանի ակտիվ վերազինումները․ Աբրահամյան
Ադրբեջանը Հայաստանի ռազմական մատակարարումների դեմ մեծ արշավ տանելուն զուգահեռ շարունակում է զինվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունների շրջանակներում մեծ ուշադրություն է կենտրոնացնում ՆԱՏՕ-ի կազմում գործող թուրքական բանակի մոդելին և գնում այդ ուղղությամբ:
Վերջին տարիներին անընդհատ մեծացվող հատուկ նշանակության ստորաբաժանումներից բացի՝ «Կոմանդո» տիպի զորատեսակն է զարգացնում, որն ամբողջովին վերցված է թուրքական զինուժից:
Մեծ թվով զորամասեր վերակազմավորվել են, և բավականին մեծ շեշտ է դրվում զորքերի նոր մարտավարական փոփոխությունների, անհատական պաշտպանական միջոցների և նոր տեխնոլոգիաների զարգացման վրա:
Թուրքական բանակի հետ ներդաշնակ գործելուն զուգահեռ, մեծ ուշադրություն է հատկացվում զորքերի կառավարման հարցին, հատկապես որ 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո դրանք համատեղ են իրականացվում:
Ադրբեջանի նախաձեռնած աղմուկը Հայաստանի ռազմական մատակարարումների մասով, բացի խոչընդոտներ ստեղծելուց, նպատակ ունի քողարկելու Ադրբեջանի ակտիվ վերազինումները, և այս պայմաններում նույնիսկ կարևոր էլ չէ, թե ի՞նչ է գնվել կամ ի՞նչ ծավալով:
Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության միակ ու գլխավոր սպառնալիքն է, որը շարունակում է իր ապակառուցողական քաղաքական կուրսը»,- գրել է նա։
Добавить комментарий