Опубликовано D.Guyumjyan -
detq

Քանաանին նշել է՝ Իրանը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնման​​​​​​​

Պաշտոնական Թեհրանը, Իրանի Իսլամալան Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանիի շուրթերով,  վերահաստատում է, որ չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնման։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Քանաանին շեշտել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել Գազայի հատվածում ընթացող պատերազմն անհապաղ դադարեցնելու համար։

«Պատերազմի ընդլայնմանը ձգտում են նրանք, ովքեր, փոխանակ ճնշում գործադրելու Իսրայելի վրա, որը ռազմական հանցագործություններ է կատարում, պաշտոնապես և բացահայտ հայտարարում են, որ դեռ չի եկել հրադադարի ժամանակը, և հրապարակայնորեն ուղարկում են մեծ թվով զինվորականներ, զենքեր և նույնիսկ արգելված սարքավորումներ»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Իրանի ԱԳՆ խոսնակի համոզմամբ՝ ԱՄՆ-ն կարող է կանխել ռազմական գործողությունների տարածումը տարածաշրջանում միայն այն դեպքում, երբ դադարեցվեն ռազմական գործողությունները պաղեստինցիների դեմ, վերացվի Գազայի շրջափակումը, և այդ տարածքներից դուրս բերվեն իսրայելական զինված ուժերը:

#Դետքի_հետագծով

Չնայած այս մասին հնչող բազմաթիվ մեղադրանքներին` Իրանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ դեմ են ռազմական գործողությունների ընդլայնմանը, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Միևնույն ժամանակ պաշտոնական Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին Իսրայելին զինելու մեջ, ինչի միջոցով այդ երկիրը շարունակում է ռազմական գործողությունները և հրաժարվում է հրադադար հաստատելուց։

Добавить комментарий