Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին խնդիրների հաղթահարման գործում․ Ասադ
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Սիրիան կանգնած է Հայաստանի կողքին խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում։ Ըստ «Դետք»-ի՝ սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ասադն այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը։
Ասադը շեշտել է, որ Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը։ «Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է արաբական հանրապետության ղեկավարը։
Հակոբ Արշակյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: Նա միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի:
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:
#Դետքի_հետագծով
Հայաստանը և Սիրիան մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ, որոնք տարիների ընթացքում միայն ամրապնդվել են։ Հայաստանն իր բոլոր իշխանությունների օրոք աջակցել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը, որը նախևառաջ բխում է այդ երկրում բնակվող հայ համայնքի շահերից։
Добавить комментарий