Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանցի հրամանատարը նշել է, որ երկիրը պատրաստ է դիմակայել ցանկացած հնարավոր սպառնալիքի

Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ռազմաբազայի հրամանատար Ղադեր Ռահիմզադեն հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանական ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկում են տարածաշրջանը և պատրաստ են դիմակայել ցանկացած հնարավոր սպառնալիքի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռահիմզադեն այցելել է երկրի արևմուտքում գտնվող «Սուբաշի» ռադիոտեղորոշիչ կայան, որտեղ ընդգծել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների բարձր պատրաստվածությունն ու զգոնությունը։

Նրա խոսքով՝ «Սուբաշի» ռադիոտեղորոշիչ կայանն իրանական բանակի կարևոր ռադիոտեղորոշիչ-պաշտպանական ռազմաբազան էր, որը կարևոր դեր է ունեցել իրաք-իրանյան պատերազմի տարիներին իրաքյան ինքնաթիռների հայտնաբերման, ոչնչացման, ինչպես նաև իրանական ինքնաթիռների ուղղորդման գործում:

Ղադեր Ռահիմզադեն հայտնել է, որ Իրանի պաշտպանական հայեցակարգը հիմնականում մշակվել է զսպման սկզբունքի վրա։ «Իրական զսպող ուժ ստեղծելու համար կարևոր է ունենալ հուսալի ռազմական և սպառազինական հնարավորություններ, ինչպես նաև ուժեղ ու լավ զինված ուժեր»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացման գործընթացին։ Այս հարցում կարևոր դեր ունեն հատկապես հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, որոնք հսկում են երկրի ցամաքային սահմանների անվտանգությունը։

Добавить комментарий