Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանի և Եվրոպայի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը տեխնիկապես հնարավոր է դարձել

Իրանական «Թավանիր» ընկերության փոխադրման և արտաքին առևտրի փոխնախագահ Մոհամմադ Ալլահդադը հայտարարել է, որ ներկայումս Իրանի և Եվրոպայի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը տեխնիկապես հնարավոր է դարձել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Ալլահդադը հայտնել է, որ Հայաստանից և Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի ներկրման երրորդ գիծը կառուցման փուլում է։ «Մենք ներկայումս էներգիա ենք փոխանակում ցամաքային սահման ունեցող բոլոր երկրների հետ, էներգիա ենք ստանում հյուսիսային երկրներից և էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրաք, Աֆղանստան և Պակիստան։ Մենք էներգիա ենք փոխանակում նաև Թուրքիայի հետ»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Թեհրանը փորձում է առաջնահերթությամբ ապահովել երկրին անհրաժեշտ էլեկտրաէներգիան՝ ավելացնելով էներգակիրների փոխանակումը տարածաշրջանի երկրների հետ, ինչպես նաև արտահանելով ավելցուկի առկայության դեպքում։ Նրա խոսքով՝ հարևան երկրների հետ էներգիայի փոխանակման թողունակությունն ավելի քան 2000 մեգավատտ է, իսկ երկրի հաշվեկշիռը գրեթե զրոյական է։

«Այսինքն՝ մենք արտահանել ենք էլեկտրաէներգիա այնքանով, որքանով ներմուծել ենք։ Մենք ձգտում ենք զարգացնել այս ցուցանիշը: Կառուցում ենք Թուրքմենստանից ու նաև Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրման երրորդ գիծը»,- նշել է նա։

Մոհամմադ Ալլահդադը հավելել է, որ այս երկու նախագծերի կապալառուներն էլ իրանցի են: Նա ասել է նաև, որ սահմանային և փոխանակման կետերում էլեկտրահաղորդման ցանցերի նախագծերում տեխնիկաինժեներական ծառայությունների հիմնական մասում իրենք օգտագործում են հայրենական կապալառուների ու շինարարների կարողությունները։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հարևան պետությունների հետ էլեկտրաէներգետիկայի փոխանակման ծրագիր է իրականացնում։ Մասնավորապես Հայաստանի դեպքում Իրանը տրամադրում է բնական գազ, իսկ ՀՀ-ն՝ էլեկտրաէներգիա, ինչը բխում է երկու երկրների շահերից և առաջիկայում կարող է ավելի ընդլայնվել։

Добавить комментарий