Опубликовано H.Andreasyan -
11

Պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար․ միջազգայնագետ

Երեկ ԱՄՆ Կոնգրեսում պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԱՄՆ ազգային անվտանգության շահերը չեն տուժի, եթե ԱՄՆ-ն դադարեցնի անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: Դրանից ժամեր անց ԱՄՆ Սենատում ընդունվեց համապատասխան իրավական ակտ, ընդ որում՝ միաձայն՝ առ այն, որ 907-րդ բանաձևը չի կարող շրջանցվել նախագահի կողմից մինչ 2025 թ., և Բաքուն այլևս անվտանգային օգնություն չի ստանալու Վաշինգտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։

«Իհարկե, այդ օգնությունն Ադրբեջանին տրամադրվում էր ոչ թե Հայաստանի և Արցախի դեմ, այլ Իրանի դեմ՝ մասնավորապես Կասպից ծովի սահմանի անվտանգության ապահովման, ինչպես նաև ահաբեկչության և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի համար:

Իրականում քիչ թիվ են կազմում այն ապացույցները, որ ադրբեջանցիներն այդ օգնությունն օգտագործել են Հայաստանի դեմ, ինչի իրավունքն Ադրբեջանը չուներ: Սակայն ակնհայտ է, որ հարյուր միլիոնավոր դոլարներ Վաշինգտոնից ստանալով՝ Բաքուն ունենում էր սեփական ազատ ֆինանսական միջոցներ, որոնք բնականաբար օգտագործում էր այլ ուղղություններով:

Ադրբեջանի մասով վարչակազմի և Կոնգրեսի միջև սկզբունքային հակասություններ չկան, սակայն այս իրավիճակը երկար չի տևի, և այս ընթացքում պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար: Այս ուղղությամբ հայ համայնքն ու կազմակերպությունները շատ ակտիվ աշխատում են»,- նշել է Սարգսյանը:

Добавить комментарий