Իրանի պաշտպանության նախարարությունն արագ հետ է մղել հարձակումը Սպահանում գտնվող օբյեկտի վրա
Իրանի պաշտպանության նախարարությունն արագ հետ է մղել փոքր անօդաչու թռչող սարքերի միջոցով Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական օբյեկտներից մեկի վրա իրականացված հարձակումը։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
Մեկնաբանելով վերջերս տեղի ունեցած հարձակումը՝ պաշտոնյան ասել է, որ հարվածը հաջող չի եղել. «Այս հարվածը հաջող չէր, ամերիկացիները նույնպես մատնանշեցին այդ փաստը»։
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը կիրակի հաղորդել է Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական օբյեկտներից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի կողմից անհաջող հարձակման մասին։
Հարձակման հետևանքով վնասվել է արտադրամասի տանիքը։ Իրանական կողմի տվյալներով՝ հարձակումը չի հանգեցրել մարդկային կորուստների կամ սարքավորումների խափանումների:
Добавить комментарий