Մերձավոր Արևելքում պատերազմի ծավալների ընդլայնումը մեկնարկել է․ Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի ծավալների ընդլայնումը մեկարկել է։ Ըստ «Դետք»-ի՝ իրանցի պաշտոնյան այս մասին ասել է «Financial Times» պարբերականին տված հարցազրույցում:
Աբդոլլահիանը շեշտել է՝ Թեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի պատերազմն ավելի ընդլայնվի, սակայն տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ցուցաբերած մոտեցումը պատերազմի ընդլայնումը միանգամայն հնարավոր է դարձնում: Նա ասել է, որ պատերազմի առաջին շաբաթներին և օրերին ամերիկացի պաշտոնյաները դիվանագիտական որոշակի ուղիներով ուղերձներ են հղել՝ հայտնելով, որ Վաշինգտոնը չի ձգտում ընդլայնել պատերազմի շրջանակը և Թեհրանին խնդրում է զսպվածություն դրսևորել։
Իրանի գլխավոր դիվանագետը տեղեկացրել է, որ վերջին 40 օրվա ընթացքում Իրանի և Միացյալ Նահանգների միջև հաղորդագրություններ են փոխանակվել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան ԱՄՆ շահերի բաժնի միջոցով։ Ըստ նրա՝ Թեհրանը փոխանցել է, որ եթե Գազայի և Արևմտյան ափի բնակչության դեմ իսրայելական ռազմական հանցագործությունները չդադարեցվեն, ապա ավելի լայն հակամարտությունը կարող է անխուսափելի լինել։
Աբդոլլահիանը շեշտել է, որ ԱՄՆ-ն նմանատիպ ուղերձներ է հղել լիբանանյան «Հիզբոլլահին»` խնդրելով զսպվածություն ցուցաբերել։ Սակայն, չնայած այս հաղորդագրություններին, ԱՄՆ-ն իր լիակատար աջակցությունն է առաջարկել Իսրայելին՝ ռեժիմին ապահովելով բոլոր տեսակի ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ, ինչը հանգեցրել է պատերազմի սրմանը։
Ըստ իրանցի դիվանագետի՝ Վաշինգտոնի անզուսպ աջակցությունը Թել Ավիվին ապացուցում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ իր հայտարարություններին։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում պատերազմի ծավալների ընդլայնումն արդեն սկսվել է։
#Դետքի_հետագծով
Իսրայելը կարողանում է շարունակել Գազայի հատվածի նկատմամբ իրականացվող ագրեսիան հիմնականում ԱՄՆ-ի տրամադրած ռազմական աջակցության շնորհիվ, ինչն իր հերթին հակամարտությունն ընդլայնելու ռիսկեր է առաջացնում։ Սա բնականաբար անհանգստացում է Իրանին, որն այս հակամարտությունում աջակցում է պաղեստինյան կողմին և ձգտում է հասնել անհապաղ հրադադարի հաստատման։
Добавить комментарий