Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին. Ջոն Քիրբի
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին մտահոգություն է հայտնել, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Քիրբին շեշտել է, որ նման զարգացումը հավանաբար աղետալի հետևանքներ կունենա ուկրաինացի ժողովրդի համար։ Նրա խոսքով՝ Իրանն արդեն Ռուսաստանին է տրամադրում անօդաչու թռչող սարքեր կամ տեղեկություն փոխադրող անօդաչու սարքեր, կառավարվող ռումբեր և հրետանային զինամթերք։
Ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է սեպտեմբերին կայացած հանդիպումը, որտեղ Իրանը հյուրընկալել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ցուցադրելու բալիստիկ հրթիռների մի շարք համակարգեր, ինչն առաջացրել է ԱՄՆ-ի մտահոգությունները:
Նա նաև ընդգծել է այս տարվա սկզբին Իրանի հայտարարությունն այն մասին, որ ավարտվել է Ռուսաստանից «Սու-35» կործանիչներ գնելու գործարքը՝ պնդելով, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանից գնել լրացուցիչ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հարվածային ուղղաթիռներ, ռադարներ և մարտական վարժեցնող սարքեր։ «Ընդհանուր առմամբ, Իրանը Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա է խնդրում՝ իր ռազմական հնարավորություններն ուժեղացնելու համար։ Ռուսաստանը նաև օգնում է Իրանին զարգացնել և պահպանել արբանյակային տեղեկատվության հավաքման իր հնարավորությունները և տիեզերական այլ ծրագրեր»,- ասել է նա:
Ջոն Քիրբին հավելել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև աճող ռազմական գործընկերությունը վնասում է Ուկրաինային, Մերձավոր Արևելքում Իրանի հարևաններին և միջազգային հանրությանը:
#Դետքի_հետագծով
Ռուսաստանը և Իրանը վերջին տարիներին խորացնում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչն անհանգստացնում է արևմտյան երկրներին։ Այս փոխգործակցությունն էլ ավելի խորացավ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, երբ արևմտյան երկրները բազմիցս մեղադրեցին Իրանին ՌԴ-ին սպառազինություն մատակարարելու համար։
Добавить комментарий