
Չենք կարող ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը «խաղաղության» երեք սկզբունքներին. Փաշինյան
Այս պահի դրությամբ դեռևս ակնհայտ ու պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է, վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ: Այս մասին նոյեմբերի 24-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս։ Նա նշել է, որ այդ երեք սկզբունքները համաձայնեցված են բանակցությունների ընթացքում, որն արտահայտվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին եռակողմ (Միշել, Փաշինյան, Ալիև) հանդիպումների արդյունքներով:
«Այդ սկզբունքներից առաջինը հետևյալն է․ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29.800 քկմ է, Ադրբեջանինը՝ 86.600 քկմ:
Երկրորդ սկզբունքն այն է, որ դելիմիտացիայի հիմքն Ալմաթիի հռչակագիրն է: Հենց այդ հռչակագիրն է հիմնավորումը, թե ինչու ենք ասում, որ Հայաստանի տիտղոսային տարածքը 29.800 քկմ է: Որովհետեւ ՀՀ-ն ձևավորվել է Հայկական ԽՍՀ տարածքով: Ձեռք է բերվել ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն 1974-1990 թթ. ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզները: Այս նրբությունները ճշգրտելու անհրաժեշտություն ունեն:
Երրորդ սկզբունքն այն է, որ երկու երկրների կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ՝ փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա:
Մենք չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելուց: Բայց նաև չենք կարող ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ երեք սկզբունքներին: Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը պարզաբանելու: Ինչպես տեսաք, նաև առաջիկայում այդպիսի քննարկում, գոնե քարտեզների ու սահմանների մասով նախատեսված է նոյեմբերի 30-ին՝ սահմանագծման հանձնաժողովների ֆորմատով:
Մենք այդ քննարկումներից հետևություններ կանենք, և եթե այլ բանակցություններ լինեն, դրանցից ևս հետևություններ կանենք, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ բանակցությունների, թե՞ հրաժարվում է այդ սկզբունքներից:
Փաստն այն է, որ մենք մինչ այս պահը նման վստահություն չունենք, չնայած Ադրբեջանի կողմից հնչել է հայտարարություն, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Բայց այստեղ կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունեն իրենք՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով: Այս հարցերի պարզաբանումն առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է»,- հայտարարել է Փաշինյանը:
Добавить комментарий