Опубликовано detq-editor -
«Մեզնից յուրաքանչյուրը զենքի մասին տարրական գիտելիքներ պետք է ունենա». Կարեն Գիլոյան

«Մեզնից յուրաքանչյուրը զենքի մասին տարրական գիտելիքներ պետք է ունենա». Կարեն Գիլոյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն պարգևատրել է պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին:

Մրցաշարին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, Կառավարությանն առընթեր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակիցներից կազմված 36 թիմ՝ շուրջ 170 աշխատակցով։

Հրաձգության հանրապետական մրցաշարում թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիմը՝ 176 միավորով, երկրորդ տեղը գրավել է ՀՀ վարչապետի աշխատակազմի թիմը՝ 168 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ 164 միավորով: Նրանք պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և գավաթներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է նմանօրինակ մրցաշարերի անցկացումը՝ ընդգծելով, որ զենքի կիրառման վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալը պարտադիր է. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուրը զենքը լիցքավորելու, պահելու և կրակելու տարրական գիտելիքներ պետք է ունենա: Այդ իսկ պատճառով որոշեցինք մրցումն անցկացնել 5,5 տրամաչափի հրացաններով. ի վերջո, դա մարտական զենք է: Յուրաքանչյուր մասնակից գոնե 8 կրակոց կատարեց և հասկացավ, թե ինչպես կարելի է զենքը լիցքավորել և դատարկել»:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հրաձգության մրցաշարն անցկացվել է ոչ թե պետական ֆինանսավորմամբ, այլ բացառապես հովանավորների աջակցությամբ: Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել հովանավորներին ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ՝ ոչ պրոֆեսիոնալ մասնակիցների գրանցած արդյունքները բավական տպավորիչ են. «Մասնակցությունը շատ ակտիվ էր. բոլոր գերատեսչությունները, մարզպետարանները և քաղաքապետարանը ներկայացրել էին իրենց մասնակիցներին: Հաջորդ տարի նախատեսում ենք ավելի մասսայական դարձնել մրցաշարը՝ չսահմանափակելով թիմերի քանակը: Հասկացանք, որ ռեսուրսը շատ ավելի մեծ է: Արդյունքները հիանալի էին. 50 մետրից 5 կրակոցով 45 միավորը շատ լավ արդյունք է: Կարծում եմ՝ նմանօրինակ արդյունքը պատիվ կբերեր նաև պրոֆեսիոնալ մարզիկներին»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ հաջորդ տարի մասնակիցները մրցաշարին նախապատրաստվելու և մարզվելու հնարավորություն ևս կունենան:

Տղամարդկանց և կանանց անհատական մրցապայքարում 4-ից 10-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և հուշանվերներով: Տղամարդկանց մրցապայքարի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը և Սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչ Սուրեն Պռազյանը, իսկ տղամարդկանց թիմային մրցապայքարում ԿԳՄՍՆ ներկայացուցիչների արդյունքը լավագույնն է եղել:

Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են մրցաշարի գլխավոր հովանավոր Հակոբ Հակոբյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սարիբեկյանը և մրցաշարի գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանը:

Добавить комментарий