Опубликовано H.Andreasyan -

Քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Սամվել Բաբայանը. Անդրանիկ Քոչարյան

Մինչև դեկտեմբերի 3-ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը, Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատար, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հաղորդում է NEWS.am-ը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Շատ կուզենք լսել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 3-ին, որից հետո ոչ ոքի իրենք իրավասու չեն հրավիրելու։

«Մեր երկիրն այդպիսի փորձ չունի նման ծավալի զեկույցներ պատրաստելու։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո երեք ամիս տևեց մինչև զեկույցը ներկայացրին լիագումար նիստին»,- ասաց Քոչարյանը։

Հարցին, թե երբ պատրաստ կլինի զեկույցը, Քոչարյանը պատասխանեց. «Զեկույցը պատրաստ կլինի ողջամիտ ժամկետներում, բայց պետք է ունենանք որակական բարձր ցուցանիշ: Այդ ժամանակ ես ամսի 3-ին կամ 4-ին նամակով կդիմեմ ԱԺ նախագահին և կառաջարկեմ այն ժամկետը, երբ քննիչ հանձնաժողովը կներկայացնի զեկույցը: Կարծում եմ՝ կլինի մի քանի ամիս հետո»:

Անդրադառնալով Սամվել Շահրամանյանին՝ Քոչարյանն ասաց, որ խոսել են տարբեր թեմաներից, ընդհուպ Ստեփանանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից։ «Մենք ամենայն մանրամասնությամբ քննարկել ենք այդ դրվագը պարոն Շահրամանյանի հետ: Մենք այնպիսի հարցեր ենք քննարկել, որոնք նույնիսկ հանրային քննարկման ենթակա չեն։ Բացարձակ հանրային քննարկման ենթակա չեն»,- նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ մանրամասն քննարկել են նաև, թե ինչ հանգամանքներում են ձերբակալվել Արցախի նախկին նախագահները. այդպիսի տեղեկություն ունի միայն քննիչ հանձնաժողովը:

Добавить комментарий