Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ռայիսին և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը մասնավորապես վերաբերել է Գազայի վրա Իսրայելի անօրինական հարձակումներին, պաղեստինցիներին հումանիտար օգնության ջանքերին և այն քայլերին, որոնք կարող են ձեռնարկվել տարածաշրջանում մշտական հրադադարի հասնելու համար։ Այս համատեքստում Էրդողանը նշել է, որ իսլամական աշխարհը, մասնավորապես Թուրքիան և Իրանը միասնական դիրքորոշում պետք է որդեգրեն պաղեստինյան հողերում Իսրայելի կողմից իրականացվող դաժանությունների դեմ։
Իրանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են նաև, որ երկու երկրները կշարունակեն համագործակցությունը՝ ժամանակավոր հրադադարը մշտական դարձնելու և մշտական խաղաղության հասնելու համար։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները նաև կարծիքներ են փոխանակել Թուրքիայում կայանալիք Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նախապատրաստական աշխատանքների և դրա օրակարգի վերաբերյալ։
#Դետքի_հետագծով
Թուրքիան և Իրանը Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամի հարցում միասնական դիրքորոշում ունեն. երկուսն էլ աջակցում են պաղեստինյան կողմին ու ՀԱՍԱՍ-ին, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Թուրքիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներն ու շփումները վերջին շրջանում ուղղված են երկու երկրների մոտեցումները մերձեցնելուն՝ հատկապես միջազգային հարթակներում միասնական դիրքորոշում ցուցաբերելու համար։
Добавить комментарий