Պաշտոնական Թեհրանը հայտնել է Իրանի նախագահի՝ Թուրքիա այցի հետաձգման պատճառը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պարզաբանել է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա հետաձգվել է Գազայի հատվածում ստեղծված իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի պատճառով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանը հայտնել է, որ այս հարցը երկու երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են իրենց հեռախոսազրույցի ընթացքում։
«Նախագահ Ռայիսիի պաշտոնական այցն Անկարա նախատեսված էր, սակայն հետաձգվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի պատճառով, որը նվիրված է լինելու Գազայի հատվածում տիրող իրադրությանը, և որի հրավեր են ստացել Իրանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները համաձայնվել են, որ ծրագրված այցը կայանա մի քանի օրից, և դրա ընթացքում կողմերը քննարկեն Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Իրանի գլխավոր դիվանագետն ասել է որ Իրանի պատվիրակությունը չի կարող ներկա գտնվել ՄԱԿ-ի ԱԽ նիստին, քանի որ ԱՄՆ կառավարությունը ձգձգել է պատվիրակության անդամներին, այդ թվում՝ անձամբ իրեն այցագրերի տրամադրումը։
#Դետքի_հետագծով
Թուրքիան և Իրանը Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամի հարցում միասնական դիրքորոշում ունեն. երկուսն էլ աջակցում են պաղեստինյան կողմին ու ՀԱՍԱՍ-ին, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ռայիսիի այցը պետք է տեղի ունենար նաև այս հարցում դիրքորոշումները հստակեցնելու և միջազգային ճակատում երկուստեք հանդես գալու նպատակով։
Добавить комментарий