Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանահայ պատգամավորը պնդում է՝ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը մարտահրավերներ է ստեղծում

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը ստեղծում և ստեղծելու է մարտահրավերներ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Բեգլարյանն ասել է Հայաստանի գիտությունների ակադեմիայում կայացած գիտաժողովի ժամանակ։

Բեգլարյանը շեշտել է՝ Իրանում ուշադիր հետևում են Հարավային Կովկասի գործընթացներին ու Հայաստանի հետ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Իրանի համար շատ կարևոր է հասկանալ, թե Հայաստանն ինչ հեռանկարներ է տեսնում երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, ինչպես է ՀՀ-ն ընկալում Իրանի դերն անվտանգության հարցում, ինչպես է արձագանքում Իրանի քաղաքականությանն անվտանգության ոլորտում և Թեհրանի առաջնահերթություններին՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում։

Պատգամավորը հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ բարիդրացիական են եղել, ունեցել են և ունեն կայուն զարգացման միտում։

«Բայց այդ ճանապարհին տնտեսական հարաբերությունների մակարդակը միշտ զիջել է քաղաքական հարաբերություններին։ Այդ բացը հատկապես նկատելի է դարձել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ ենթակառուցվածքների մասով։ Տագնապալի համաշխարհային գործընթացների ֆոնին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների հարաբերություններն անցել են զարգացման նոր փուլ, որոնք ունեն և ունենալու են բազմակողմանի բնույթ»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի համար բացարձակապես անընդունելի են տարածաշրջանային սահմանների փոփոխությունները, քանի որ Թեհրանը շատ լավ գիտակցում է, որ այդ գործընթացը նախևառաջ ուղղված է իր դեմ։ Իրանահայ պատգամավորն այս հարցում բնականաբար պաշտպանում է Իրանի պաշտոնական տեսակետը, որը բխում է նաև Հայաստանի շահերից։

Добавить комментарий