Արցախահայերի բռնագաղթի պատասխանատվությունը Բայրամովը բարդել է Հայաստանի վրա
Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե իբրև հայերի` իրենց (նկատի ունի Ադրբեջանի - խմբ.) հողերը լքելու պատասխանատվությունը կրում է Հայաստանը, հայտնում է APA գործակալությունը։
«Այն համատեքստում, որ Հայաստանը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, իր զինված ուժերը դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից, հակամարտող կողմը (նկատի ունի Հայաստանը - խմբ.) տեղեկացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի ձեռնարկած հակաահաբեկչական միջոցառումների մասին»,- ասել է Բայրամովը։
Նա նշել է, թե իբրև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հաստատել են «քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության փաստերի բացակայությունը». «Ինչ վերաբերում է մեր տարածքներից հայ բնակիչների հեռանալուն, ապա դրա պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի և նրա վերահսկողության տակ գտնվող, այսպես կոչված, ռեժիմի վրա»։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը, շրջափակելով Արցախը, դիտավորյալ կերպով ստեղծում էր մարդկանց կյանքի համար այնպիսի պայմաններ, որ արցախահայերը լքեին իրենց հողը։ Այդ միջոցով իր նպատակին չհասնելով` Ադրբեջանն անցավ իր ցեղասպան ծրագրի հաջորդ փուլին՝ սանձազերծելով արյունահեղություն։ Արցախում ապրող հայերը բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Արցախահայերի բռնագաղթն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքն էր։
Добавить комментарий