Իրանն Իրաքից պահանջում է շարունակել հակաիրանական խմբավորումների ջախջախումը
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին Իրաքի իշխանություններին կոչ է արել շարունակել հակաիրանական ահաբեկչական խմբավորումների ջախջախումն արաբական երկրի Քուրդիստանի շրջանում և հեռացնել նրանց սահմանամերձ շրջաններից։
Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Բաղերին ասել է Բաղդադում Իրաքի ներքին գործերի նախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Իրանի ԳՇ պետը երախտագիտություն է հայտնել Իրաքի կառավարությանը՝ հակաիրանական ահաբեկչական խմբավորումներն Իրանի հետ սահմաններից դուրս բերելու համար: Նա հույս է հայտնել, որ Բաղդադի կառավարությունը կշարունակի իր գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչական խմբավորումներն ամբողջությամբ չեն զինաթափվել։
«Դեռևս մտավախություններ ու ակնարկներ կան Իրանի հետ ընդհանուր սահմանի երկայնքով մի շարք ահաբեկչական տարրերի առկայության մասին»,- ասել է նա և ընդգծել, որ իրանա-իրաքյան 1500 կմ-անոց սահմանը պետք է ապահով սահման լինի բարեկամության, առևտրի և զբոսաշրջության համար։
#Դետքի_հետագծով
Իրանի և Իրաքի միջև հարաբերությունները կրում են բարեկամական բնույթ և վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են։ Երբ Իրանի իշխանությունները սեպտեմբերի 19-ին վերջնաժամկետ ներկայացրին իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությանը՝ սահմանի երկայնքով տեղակայված հակաիրանական ահաբեկիչների դեմ քայլեր ձեռնարկելու համար, Բաղդադը գործողությունների շարք իրականացրին։
Այս համատեքստում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 2022 թվականին ռազմական մի քանի հարված է հասցրել իրաքյան Քուրդիստանում զինյալների դիրքերին։
Добавить комментарий